Բագրատ Գալստանյանը չորս օր ժամանակ է տվել իշխանություններին՝
հրաժարական ներկայացնելու համար, և արդեն երկու օր է՝ իր աջակիցների հետ միասին փակել
են Բաղրամյան պողոտան։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Կոնստանտին Ստանիսլավսկու
անվան ռուսական թատրոնի դերասան, Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի
հետ:
«Ես չգիտեմ դրա նպատակը, բայց կար ժամանակ, որ 15 րոպե էր տալիս,
հետո՝ 18 րոպե, հիմա էլ՝ չորս օր: Ես չգիտեմ՝ դրա իմաստը որն է, միակ բանն այն է, որ
մեզ համար դժվարություններ է ստեղծում, և մենք չենք կարողանում հասնել աշխատանքի, ստիպված
ենք շրջանցիկ ճանապարհներ փնտրել։ Ես կարծում եմ, որ պողոտաները պետք է մաքուր լինեն
և ծառայեն իրենց բուն նպատակին, որպեսզի մարդիկ բնականոն, նորմալ կյանքով ապրեն»,-
ասաց Մանվել Խաչատրյանը։
Խոսելով ոստիկանների նկատմամբ Գալստանյանի աջակիցների պահվածքի մասին՝ Մանվել Խաչատրյանն ասաց. «Ես ինչքան
որ հետևում եմ, ոստիկանները շատ ճիշտ կատարում են իրենց առջև դրված պարտականությունները,
և չեմ կարծում, որ ինչ-որ բախումներ կամ սադրանքներ կլինեն։ Եվ ուզում եմ շնորհակալություն
հայտնել բոլոր ծառայություններին, որոնք փորձում են մարդկանց բնականոն կյանքը նորմալացնել»,-
ասաց Մանվել Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Գալստանյանին աջակցող ավեստագետների կողմից հնչեցվող
ատելության խոսքին, Մանվել Խաչատրյանն ասաց, որ
պետք է հարգել, սիրել միմյանց և այդպիսի բաներով չզբաղվել։ Մանվել Խաչատրյանի
խոսքով՝ ի վերջո ամեն ինչի ձևը կա, 2026-ին լինելու են ընտրություններ, և ով ինչ կարծիք
ունի՝ այդ ստորագրության շնորհիվ կարտահայտի, և կտեսնենք՝ ինչ կլինի հաջորդիվ, իսկ
հիմա պետք է հանդարտվել, և ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։
«Իմ կարծիքով՝ ամեն ինչ նորմալ է լինելու, որովհետև բոլոր մտածող
մարդիկ իրականում հասկանում են՝ ինչ է կատարվում, ում կողքին ով է կանգնած, ով ինչի
համար է պայքարում։ Մարդիկ պետք է շատ ուշադիր լինեն, շատ զգոն լինեն, զգույշ լինեն։
Ես 42 տարեկան եմ և 88 թվից ամեն ինչ տեսել եմ, հերթով՝ ծառայություն, բանակ, դղյակներ,
այդ ամեն ինչը տեսնում եմ, և ես երբեք ու երբեք չեմ ուզի, որ իմ երեխան ծառայի մի տեղ,
որտեղ որ սարսափելի վիճակներ են։ Իմ ծառայությունը երբ ես հիշում եմ, սարսափում եմ,
ու այդ ամենը իմ գիտակցության մեջ ահավոր հետք է թողել, որովհետև ես նույնիսկ երազում
եմ տեսնում այդ կադրերը, երազում եմ տեսնում այդ «պալկավոյ զուգարան» կոչվածը։ Դա սարսափելի
մի բան էր, որին մոտենալ չէր կարելի մի 100 մետր շառավղով։ Ով որ ծառայել է այդ տարիներին,
ինձ լավ կհասկանա։ Բայց դրան զուգահեռ մարդիկ հարստանում էին և այլն։ Այս ամեն ինչը
շատ պարզ է։ Շատ քիչ ժամանակ է անցել, և մարդիկ ունեն հիշողություն։ Այն մարդիկ, ովքեր
ուզում են հետ վերադառնալ այդ ամենին, ինձ համար զարմանալի է»,- ասաց Մանվել Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան